Ինչպես հայտնի է, Մերգելյանի ինստիտուտում պարբերաբար տարատեսակ էքսպո-ցուցահանդեսներ են անցկացվում:
2025 թվականի մայիսի 25-ին այդօրինակ մի միջոցառում էր նախաձեռնել OMC կազմակերպությունը, որը վարսավիրության ոլորտում առաջնություններ է կազմակերպում:
OMC-ի վարկածով առաջնությանը մասնակցում էր նաև հայաստանյան կազմակերպություններից մեկը, որն առանձին տաղավար ուներ: Այդ տաղավարում, ինչպես հարկն է, էլեկտրականություն կար:
Այժմ, ամենահետաքրքիրը:
Սովորաբար, նորմալ վայրերում, էլեկտրական վարդակին (շտեպսելին) միացված են ֆազային և զրոյական լարերը:
Այդ օրը, Մերգելյանի տարածքում գտնվող հիշատակված տաղավարին կից վարդակին (շտեպսելին) միացված է եղել 2 ֆազային լար: Արդյունքում` տեղի է ունեցել թվով 3 պայթյուն, վնասվել են սարքեր, պատճառվել նյութական և բարոյական վնաս: Բացի դրանից` առնվազն 3 անձ` Լ.Չ-ն, Ա.Խ-ն, Լ.Բ-ն, ենթարկվել են ծանր սթրեսի:
Մերգելյանում հրաժարվում են ընդունել մեղքը: Դա նշանակում է, որ ինստիտուտի այժմյա մասնագետները համոզված են, որ էլեկտրական վարդակը (շտեպսելը) կարող է աշխատել միայն 2 ֆազային լարերով, առանց զրոյական լարի:
Հիշեցնեմ` խոսքը 1956 թվականին հիմնադրված, լեգենդար հայ գիտնական Սերգեյ Մերգելյանի անունը կրող Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասին է: Այժմ պատկերացրեք, թե լսելով տեղի ունեցած պայթյունների պատճառը, երջանկահիշատակ Սերգեյ Մերգելյանը քանի անգամ «շուռ եկավ դագաղում»:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ